«Գրանիշ»՝ ամենից շատ ընթերցվող գրական առցանց հարթակը
											 
													24.12.2019 | 01:38
						 Օրերս  «The Club» ակումբ-ռեստորանում «Գրանիշ»  գրական  կայքը նշեց իր 10-ամյա հոբելյանը, ամփոփեց նաև  2019 թ.  գրական տարին: 
Երեկոյին ներկա էին  թարգմանիչներ, գրաքննադատներ, գրողներ և պարզապես  «Գրանիշով»  ապրողներ: Կայքի գլխավոր  խմբագիր  ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ  ասաց, որ «Գրանիշը» հայ  գրողների, գրականագետների, հրատարակիչների, թարգմանիչների  գրական բաց համայնք է, հիմնադրվել է  2009-ին մի խումբ երիտասարդ  գրական   գործիչների  կողմից. «Գրանիշը» նպաստում է հայ և հայերեն  գրականության  տարածմանը, հայ ժամանակակից հեղինակների հանրահռչակմանը և գրական  շուկայի զարգացմանը: Կարգախոսն է «Ընթերցանությունն առողջ ապրելակերպ է»: Կայքը սկզբում  եղել է բլոգ, որը կոչվում էր «Աշխարհը  մեր կտուրից»: Այսօր այն գրականության ամենից շատ  ընթերցվող առցանց  հարթակն է: Կայքը նպատակ ունի նաև անգլերեն  ներկայացնելու հայ գրողներին և հայերեն ՝ օտարագիր հայ  գրողներին: Մեզ մոտ  հրապարակվել են 2000-ից ավելի  հեղինակների  3000  և ավելի գործեր:  Օրվա միջին  դիտումների  քանակը 3000 է: Տարվա ընթացքում  «Գրանիշն»  ունեցել է 1000000-ից ավելի այցելու»: «Գրանիշ» կայքի  հիմնադիր  ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆՆ  ասաց, որ կայքը մի անձի չի պատկանում, այն  հանրային  տարածք է  և հանրային  սեփականություն: Ասաց նաև, որ «Գրանիշը»  իրենց սերնդի  երիտասարդության  խորհրդանիշն է: Գրեթե 10 տարի առաջ  մաեստրո Տիգրան Մանսուրյանը  ամբողջ խմբագրակազմին  հրավիրել է  այս ռեստորան, որտեղ իրենք  վայելել  են  նրա ներկայությունը  և ստացել  նրա քաջալերանքը: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ ի լրումն ասաց, որ ինքը  հայոց լեզուն շատ է սիրում, և իր երաժիշտ դառնալու  հիմքը հայոց լեզուն է, մինչև  30 տարեկանը  գրամոլ  էր, հետո հասկացավ, որ ավելի լավ է զբաղվի երաժշտությամբ: Հիմա նա այդ ընտանիքի անդամ է իբրև  սիրող:
 
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
							Լուսանկարներ
							
												
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ